26 Ապրիլի, 2017 - 10 Մայիսի, 2017

Ստուդիո 20, Երևան, Հայաստան


Երազելը սպառելի չէ առօրյայում, այն դիմադրելու ձեւ է իշխող այն համակարգերին, որոնք դրա հնարավորությունները չեզոքացնելու համար ստիպում են ենթարկվել հանդիսանքի տրամաբանությանը: 


«Դու մենակ չես» ցուցահանդեսը Մհեր Ազատյանի անձնական տարածությունն է, որը նա կիսում է մարդկանց հետ՝ շարունակականություն ստեղծելու միտումով՝ անրջելը ու երազների պատառիկները որպես փոխարինում դարձնելու առօրյա իրականությանը: Հնարավո՞ր է արդյոք գտնվել երեւակայության տարածության մեջ եւ դա անել ոչ թե համակարգված՝ իրականության մեջ ցանկություններ ստեղծելու նպատակով, այլ առօրյան ու իրականությունը դարձնելով երեւակայությունը:

Հավասարապես իր եւ նրանց համար, ովքեր մոտենում են արվեստագետի երեւակայության տարածությանը, ցուցահանդեսը այդ հաղորդակցության պահն է, զրուցելու, խոսելու, երազելու այն իրադրությունում, որը զատված է իրականությունից:

Ցուցահանդեսում արվեստագետը հրավիրում է փոխազդեցության մեջ մտնել իր, այլ ոչ իր ցուցադրած պատկերների հետ և լղոզում է արվեստի, իրադարձության, արվեստագետի միջև հեռավորությունը:

Հարաբերվելու տարածությունն այլևս այն խոհանոցը չէ, որտեղ կարելի էր ժամանակին լսել քաղաքական խոսակցություններ ու քննարկումներ, սա այն խոհանոցը չէ, որը ճնշելու տարածքն է, սա այն տեղն է, որը դուրս է ժամանակակից կյանքի ռիթմից: Այստեղ երեւակայություններն են՝ լույսի ու երկնքի պատկերներով:

Այս հայացքով՝ կա հակադրություն երկնքի, որը չունի սահմանափակումներ և խոհանոցի միջև, որը հարմարավետ ու ապահով տարածք լինելուց բացի նաև մոռացնել չի տալիս առօրյականը: Բայց միևնույն ժամանակ, անհանգստությունն ու հանգստությունը դժվար է սահմանազատել, թե որտեղ է այս դեպքում՝ պատկերներում, թե ստեղծված միջավայրում: Պատկերները թվում է, թե հղում են անում ավելի շատ արտաքին երևույթների, որոնք սակայն նույն առօրյայի մասն են: Այստեղ այն անձնականն է, որը վերջիվերջո նույնն է մեզ բոլորիս համար և իրար հասկանալու հնարավորությունն է: Հակադրություն է, թե շարունակություն, թե փոխլրացում, միևնույն է՝ Մհերը թույլ է տալիս դետալներին օգնել գտնել ապրելու մի ձև, որը չի ճանաչում ավելի կարևորը պակաս կարևորից, որը ուշադրություն է ցանկանում՝ հանգիստ, մտերմիկ, դեմ դիմաց միջավայրում: Եվ նա փորձում է ստեղծել այդ միջավայրը, որտեղ դեմ դիմաց կարելի է հայտնվել հենց իրար հետ, այլ ոչ իր պատկերների և ստեղծած միջավայրի: