15 Հուլիսի, 2016 - 5 Օգոստոսի, 2016

Էքո թանգարան, Երևան, Հայաստան


Արվեստագետներ՝ Աստղիկ Մելքոնյան, Դավիթ Կարեյան, Դիանա Հակոբյան, Հարություն Սիմոնյան, Մհեր Ազատյան, Սոնա Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Վահրամ Աղասյան

Համադրող՝ Եվա Խաչատրյան


90-ականների վերջին և 2000-ականների սկզբին հայ ժամանակակից արվեստում տեղի ունեցավ լեզվամտածողության փոփոխություն, որ տարբեր էր թե արծարծվող խնդիրների, և թե իր արտահայտչամիջոցների ընտրությամբ: Վիդեոն այն միջոցներից էր, որ լավագույնս էր արտահայտում այդ նոր լեզվի ի հայտ գալը: Տան պայմաններում, նոր ձեռք բերված VHS ձայնագրիչների և ընկերներից ժամանակավոր փոխառնված տեսախցիկների միջոցով ստեղծվող պատկերներն իրենց հետ մի նոր հնարավորություն բերեցին՝ ժամանակը, ընթացքը փոխանցելու առավելությունը: Պատահական չէ, որ վիդեո արվեստի համարյա բոլոր առաջին նմուշներն ընկերական միջավայրում տեղի ունեցող գործընթացների արդյունք են, որոնք և այդ կոլեկտիվ ժամանակի արտահայտումներն են:

Դիանա Հակոբյանի վիդեոն չունի նարատիվ։ Հեղինակը կարծես հրաժարվել է շարժվող պատկերի առավելություններից՝ համադրելով իր ընկերների ստատիկ դիմանկարները պտտվող մեխանիկական սարքի հետ («Անվերնագիր», 1997)։ Նոր մեդիան յուրովի է օգտագործվում հեղինակի կողմից. Դիանան օգտվում է տեսախցիկի, մոնտաժի ամենանվազագույն հնարավորություններից՝ պարզապես պատկերը նոր ոլորտ տեղափոխելով և դրան ձայն ավելացնելով՝ դրանով իսկ ստանալով ընթացքի ռիթմիկ զգացողություն։

Մհեր Ազատյանը 1995-ին արված վիդեոյում («Նույնացում») օգտագործում է իր դիմանկարը՝ աղավաղելով այն նույն եղանակով ինչպես Ֆ. Բեքոնն է արել իր գեղանկարներում։ Այս ժեստը որոշակի անդրադարձ է դեռ 80-ականների վերջից տեղային համատեքստում քննարկվող և ներկայացվող «համաստեղծական արվեստին1» և այդ ժամանակ նշանային մի ցուցահանդեսի՝ «Սուբյեկտիվ ինտեգրացիային2» (1993): Մհերը, Բեքոնին անդրադառնալով, ներկայացնում է իր «սուբյեկտիվ ինտեգրացիան»՝ թարգմանված արևմտյան արվեստը: Համաստեղծական արվեստ ասելով՝ սովորաբար խոսքը գնում է գեղանկարչության մասին, սակայն բացառություն են կազմում մի քանի գործեր, որոնք գեղանկարչության հետ կապված չեն: Բացի Մհերի վիդեոյից դրանց թվում է նաև Արման Գրիգորյանի «Մարդասպանն առանց վարձատրության» (2004) գործը, որի հիմքում ընկած է Է. Իոնեսկոյի «Մարդասպանը» պիեսը:

Պատկերը վերաիմաստավորելու, կինոն և մոնտաժը վերանայելու տարրերը՝ միախառնված պերֆորմանսի հետ, տեսնում ենք Տիգրան Խաչատրյանի վիդեո-ֆիլմերում: «Բադրջանի գույնը» (2001), որ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հեգնական նմանակումն է, նրա ամենավաղ և ամենավառ արտահայտված փանք գործերից է, որը մարտահրավեր է հայկական մշակույթի բոլոր հնարավոր հիմնասյուներին: Այս ֆիլմից է սկսվում հեղինակի «գարաժային կինո» շարքը, որում նա անդրադառնում է հայտնի ռեժիսորների (Տարկովսկի, Պազոլինի, Գոդար, Ձիգա Վերտով) ֆիլմերին՝ ենթարկելով դրանք վերամոնտաժավորման և ներկայացնելով արդեն այդ ֆիլմերի իր կողմից անձնականացված տարբերակները, որոնք կերպարվեստի և կինոյի յուրովի մերձեցման արտահայտումներ են:

Պերֆորմատիվության տարրն ամենատարածված և բնորոշն էր վիդեո արվեստին. այն ապահովում էր հնարավորությունների մի մեծ սպեկտր՝ սկսած մոնտաժելու տարրատեսակությունից և վերջացած ռադիկալ գաղափարների արտահայտմամբ:

Դավիթ Կարեյանը, որ 2000-ականների սկզբում մի շարք կենդանի պերֆորմանսների հեղինակ էր, «Նախնիների կանչ»-ը (2001) հակաազգայնական պերֆորմանս-վիդեոյում իր կարծես թե սիմվոլիկ, բայց իրականում ուղղակի խոսքով հարված է հասցնում դիտողի գիտակցությանը՝ ոչ թե ցույց տալով մի այլ իրականություն, այլ մատնացույց անելով հենց այն միջավայրը և առօրյան, որ շրջապատում է մեզ: Արվեստագետը կտրուկ է և պարզ. նա մարմնավորում է հում միս ուտող եկեղեցականի:

Պերֆորմանսի այլ տարրեր են հանդես գալիս Սոնա Աբգարյանի վաղ շրջանի վիդեոներում, որոնք անդրադառնում են աղջկա-կնոջ ինքնության խնդիրներին: Գիշերային լույսի և շան հաչոցի ներքո բադմինտոն խաղացողները մարմնավորում են «քույրության», ընկերության, կանանց համերաշխության գաղափարը՝ հակադրված հայրիշխանությանը («Անվերնագիր», 2001): Խաղի միջոցով հեղինակը ցույց է տալիս մի աշխարհ, որտեղ առկա է երջանկության և հաճույքի զգացողությունը, և դրան ոչինչ չի կարող խանգարել:

Աստղիկ Մելքոնյանի «Բոխչա» վիդեոն (2004), որ ներկայացվել է նաև ֆոտո շարքի միջոցով, նույնպես անդրադառնում է ինքնության խնդրին, որն անմիջապես մարմնի հետ է կապված: Մարմինը կորցնելու և գտնելու զգացողությունը փոխանցվում է «բոխչաներից» բաղկացած ինստալյացիա-կույտի միջոցով, որտեղ մարմնի ներկայությունը նշույլային շարժումներով նվազագույնի է հասցված: Այն փոխակերպվել է բոխչայի, որն արտահայտում է տեղափոխվելու գաղափարը:

Հարություն Սիմոնյանի գործը («Շիզոանալիզ», 2000) տեսախցիկի ներկայությունը հաղթահարելու մի փորձ է: Վիդեո օբյեկտիվը՝ հասարակության հսկող աչքն է, որին դիմակայելու նպատակով հեղինակը մտերմիկ զրույց է վարում «հանդիսատեսի», դիտողի հետ: Վիդեոն երկէկրան է. առաջինում տեսախցիկի առջև նստած՝ Հ. Սիմոնյանը գործում է և խոսում այդ պահին իր մտքին եկած թեմաներից: Մենախոսության ընթացքում հանդիսատեսին պարբերաբար դիմելով՝ նա արտահայտում է ժամանակը իրար հետ անցկացնելու ցանկությունը՝ ինչ-որ տեղ հիշեցնելով նաև դիտողին զբաղեցնելու հեռուստատեսային ֆորմատը՝ մեկ կարևոր տարբերությամբ, որ արվեստագետը, հանդիսատեսի հետ ինտիմ շփման մեջ մտնելով, կիսում է նրա հետ նաև այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են ձանձրույթը, անորոշությունը և չստացվածությունն ու չհաջողվածությունը: Երկրորդ էկրանով հակառակ գործողություն է տեղի ունենում. այլ ժամանակ, բոլորովին այլ միջավայր և քարկապ ընկած թելը քանդելու փորձ։ Կարծես հեղինակը դեստրուկցիայի է ենթարկում նախորդ իրավիճակը, գործողությունը։

Փաստագրական մոտեցումը Հայաստանի վիդեո արվեստում երևի ամենաքիչ հանդիպողն է, Կարեն Անդրեասյանի փորձը միգուցե առաջինն էր որպես այդպիսին: Նա հանրային վայրում էր տեղադրել տեսախցիկը, որն ուղղակի ֆիքսում էր մարդկանց անցուդարձը: Տեսանյութի վրա պարբերաբար հայտնվում էր «everything is under control» տեքստը: Հատկանշական է, որ 1995-ին արվեստագետի ներկայացրած հանրային ոլորտը վերահսկելու խնդիրը տարիների ընթացքում ավելի ցայտուն է դառնում և այսօր ամենաակտուալներից է:

Վահրամ Աղասյանի վավերագրական պատումն առնչվում է խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության խնդիրների հետ: Նրա «Ուրվական քաղաք»-ը (2005-2007), որ հեղինակի ամենածավալուն և տարբեր ձևաչափերով ներկայացված հետազոտական աշխատանքներից է, անդրադառնում է խորհրդային միության անավարտ ճարտարապետական մի նախագծի, որի նպատակը 1988-ի երկրաշարժից հետո անօթևան մնացած մարդկանց բնակարաններով ապահովելն էր: Խոսքը Գյումրիի հարևանությամբ գտնվող Մուշ թաղամասի մասին է: Անուշադրության մատնված, իրենց նպատակին չծառայող կառույցների խմբավորումը չկայացած մոդեռնիզմի հուշարձան է, որն իր աբսուրդ գոյությամբ մինչ այսօր շարունակում է մնալ զուտ ուսումնասիրությունների և արտիստական միջամտումների մի հարթակ:

---
1. «Համաստեղծական արվեստ» տերմինի հեղինակը Նազարեթ Կարոյանն է
2. «Սուբյեկտիվ ինտեգրացիա» ցուցահանդեսի համադրողներն էին Նազարեթ Կարոյանը և Չարլի Խաչատրյանը